Հետшքրքիր իրшվիճակ գաղտնալuման գnրծով. կnնկրետ պաշտnնյաներ են «թիրախավnրվել»

Ինչպես հայտնի է, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հրապարակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ձայնագրությունը: Հիմա նախաքննական մարմինն այս գործով հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Նախ հիշեցնենք` գաղտնալսման եւ դրա տարածման դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով) հատկանիշներով եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով) հատկանիշներով: Իրավիճակը կրկին թեժացավ դեկտեմբերի 5-ին, երբ Facebook սոցիալական ցանցում հրապարակվեց գաղտնալսման երկրորդ «սերիան», այս անգամ Արթուր Վանեցյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաեւ Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի խոսակցություններն էին: Այս մասով եւս մեկ քրեական գործ հարուցվեց, եւ երկու գաղտնալսման քրեական գործերը քննվում են մեկ վարույթում: Աղմկահարույց գաղտնալսումների գործից անցել է շուրջ 7 ամիս, սակայն նախաքննական մարմինը լուռ է եւ որեւէ տեղեկատվություն չի հրապարակում, թե կոնկրետ ինչ քայլեր են իրականացրել, կամ կան արդյոք կասկածյալներ: Ու մինչ նախաքննական մարմինը լռում է, «Ժողովուրդ» օրաթերթին տարվող քննության ընթացքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով կան շատ կասկածյալներ, սակայն նախաքննական մարմինը նրանց ձերբակալելու, կալանավորելու կամ մեղադրանք առաջադրելու քայլեր չի կարող իրականացնել, քանի որ գործով չկան կոնկրետ ապացույցներ, որ հենց տվյալ անձինք են իրականացրել հանցագործությունը: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը, հաշվի առնելով, որ գաղտնալսումը ունեցավ շարունակություն, «թիրախավորել է» կոնկրետ պաշտոնատար անձանց, որպեսզի այդկերպ կարողանա դուրս գալ գաղտնալսող անձանց հետքի վրա: Մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահները այս օրերին ուշի-ուշով հետեւում են կոնկրետ անձանց հեռախոսային զանգերի ընթացքը, եւ ենթարդրվում է, որ հատուկ սարքերի միջոցով փորձելու են որսալ, թե որ պահին են կոնկրետ անձինք գաղտնալսվում, ըստ այդմ` կկարողանան դուրս գալ հետքի վրա եւ ձեռք բերել հիմնավոր ապացույցներ: Ասել է թե` իրավապահները սպասում են հերթական գաղտնալսման փորձին, որ կարողանան թարմ հետքերով բռնել այն իրականացնողներին: Նկատենք, որ հայտնի երկու գաղտնալսումներից անցել է շուրջ 7 ամիս, նման փորձ միգուցե իրականացվել է, սակայն իրավապահները չգիտեն: Ինչեւէ, կբացահայտվի այս գործը, թե ոչ, ցույց կտա տարվող քննությունը: Դատախազության ուշագրավ հաշվետվությունը Ու մինչ ՀՀ քննչական կոմիտեն քննում է գաղտնալսման գործը, ՀՀ գլխավոր դատախազությունը 2018 թվականի տարեկան զեկույցում մեկ ուշագրավ փաստ արձանագրեց, մասնավորապես. «Հանցագործությունների բացահայտման միջոցների շարքում աստիճանաբար արդյունավետության պակաս է արձանագրվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքում: Ակնհայտ է, որ, նախ, հետաքննության մարմինների ունեցած տեխնիկական հնարավորությունները ժամանակի ընթացքում անփոփոխ են մնում հանցագործությունների թվի տարեկան կայուն աճի պայմաններում, բացի դրանից, առկա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս վերահսկելու սովորական բջջային կապով իրականացվող հեռախոսազրույցները այն դեպքում, երբ բջջային հեռախոսների համապատասխան ծրագրային հավելվածները ավելի շատ են օգտագործվում, եւ դրանք վերահսկել, որպես կանոն, հնարավոր չէ»: Ասել է թե` իրավապահ համակարգը չի կարողանում վերահսկել եւ այդ դեպքում բացահայտել հեռախոսային խոսակցությունների առավել ժամանակակից միջոցները` whatsapp, Viber, Telegram եւ այլն: Այս իրավիճակը հաշվի առնելով` կարող ենք եզրակացնել, որ դա է պատճառը, որ իրավապահ համակարգը չի կարողանում բացահայտել, թե ով էր կանգնած, կամ ում թեթեւ ձեռքով են 2018 թվականին գաղտնալսվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, եւ դատելով այս իրավիճակից` այս քրեական գործի բացահայտումը դեռեւս սարերի հետեւում է: Քնար Մանուկյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/896364/ 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*